Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Ի՞նչ ցույց տվեց Եվրոպան

Ի՞նչ ցույց տվեց Եվրոպան
15.04.2014 | 12:06

Իսրայելում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մասնակցեցին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մեր ընտրանիները: Մասնակցեցին արդյունավետության տարբեր չափաբաժնով, և սրա մեջ անսպասելի ոչինչ չկա, որովհետև հայկական ծանրամարտում այս է օրվա ռեալությունը` ավելի շատ սպասելիքներ վաղվա օրվանից: Իհարկե, խոշոր վերապահումով, որ այդ վաղը չի լինի երեկ չէ առաջին օրվա, երեկվա վիճակը: Եվ այսուհանդերձ, Եվրոպայից ունեցանք մեդալներ` մեկ ոսկե, չորս արծաթե, մեկ բրոնզե: Դրանցից երեքը` երկամարտի կտրվածքով, ինչն ավելի խոշոր ցուցիչ է, քան առանձին վարժություններից վաստակածը: Պատահական չէ, որ դրոշի բարձրացման հետ օրհներգի զուգորդումն արվում է հենց երկամարտի արդյունքներով:

Ըստ հավաքականների, անցնենք մեր ծանրորդ-ծանրորդուհիների մասնակցության վերլուծությանը:
Էլեն Գրիգորյանը հանդես եկավ 48 կգ քաշային կարգում, երկամարտում ցույց տվեց տասներորդ արդյունքը` 149 կգ (64+85): Եթե վերապահում անենք, ասելով, որ սա մրցելույթ էր որոշակի ընդմիջումից հետո, ու ապագայի համար այս արդյունքը հույսի տեղեր թողնում է, կնշանակի` գիտակցաբար մեզ հանձնենք խաբեությանը: Ընդ որում, մենք առաջնորդվում ենք ոչ թե եվրոպական մրցահարթակի բարձրագույն ցուցանիշներով, այլ ընթացիկի: Համեմատության համար` քաշային այս կարգում երրորդ ցուցանիշն ունեցած Նուրկան Թայլանից, ով, ի դեպ, չափազանց վատ էր նախապատրաստված, հետ ենք մնացել 26 կիլոգրամով:
Անհամեմատ հուսադրող էր 53 կգ քաշային Աննա Գովելյանի ելույթը` երկամարտի 174 (80+94) կիլոգրամ արդյունքով հինգերորդ տեղ: Գոնե այստեղ մեր մարզուհու հետ մնալն այնքան ակնհայտ չէր, որքան առաջին դեպքում:
Մեր երրորդ մասնակիցը փորձառու Հռիփսիմե Խուրշուդյանն էր, ով մրցելույթ ունեցավ մայրանալուց հետո: Իհարկե, քանի դեռ +75 կգ քաշային կարգում կա ֆանտաստիկ պատրաստվածություն ունեցող Տատյանա Կաշիրինա, ոսկու մասին անիմաստ է երազելը, սակայն մյուս հարգի մեդալները մեր ուղիղ նշանառության տակ են, և, աստիճանաբար իր ֆիզիկական որակների մեջ մտնելուց հետո, Հռիփսիմե Խուրշուդյանը կշարունակի հաճելի հպարտությամբ լցնել հայ մարզասերի սիրտը, իսկ առայժմ նրա հինգերորդ տեղն ու երկամարտի 232 (102+130) կգ արդյունքը համարենք որպես մեծ սպասումների հայտ` մարզուհուն շնորհակալ լինելով իր պատվարժան ելույթի համար:
Տղամարդկանց ընտրանուց առաջինը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանի ելույթն էր` հրում վարժության ոսկե ¥147 կգ¤ ու երկամարտի (256 կգ) բրոնզե մեդալով: Մեծահասակների մրցահարթակում սա Սմբատի առաջին հաջողությունը չէ: Հիշենք նրա շռնդալից ելույթն աշխարհամասի 2010 թվականի առաջնությունում, որտեղ այն ժամանակ տասնյոթամյա պատանին երկամարտի 255 (109+146) կիլոգրամով շատերի համար անսպասելի դարձավ երկրորդ մրցանակակիր: Սա իսկապես «պայթյուն» էր այն ժամանակ, և բուռն էին համաշխարհային ծանրամարտում նոր հրաշամանուկի հայտնվելու մասին խոսակցությունները: Ցավոք, հին վնասվածքները, դրանք ժամանակին չբուժելը, ամեն գնով մեդալ ունենալու մարզական մեր ֆունկցիոներների մոլուցքը, մարզիկին մրցումից մրցում անխնա տանելն ունեցան իրենց անխուսափելի հետևանքը: Իհարկե, մտահոգող է, որ Սմբատի արդյունքների մեջ առանձնապես նշմարելի աճ չի գրանցվել այս ընթացքում, սակայն հուսանք, որ այս բրոնզը ազդակ կլինի նոր սահմանային ծանրությունների վրա գրոհելու համար եթե ոչ աշխարհի, գոնե Եվրոպայի առաջնությունների մակարդակով: Բոլոր դեպքերում, մարզիկի ելույթն արժանի է բարձր գնահատականի:
Հաճելի տպավորություն թողեց 69 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Վանիկ Ավետիսյանը` մարզիկ, ով այսքան տարի երկար ու համառ գնում էր իր մեդալին: Երկամարտի նրա 315-ը արծաթե էր ճիշտ այնպես, ինչպես հրում վարժության 175-ը:
77-ում մեր մասնակիցները երկուսն էին` տարբեր տարիների աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանն ու փոխչեմպիոն Առաքել Միրզոյանը: Ընդհանրապես կարծիք կար, որ քաշային այս կարգ տեղափոխվելով, վերջինս կշարունակի հաջող մրցելույթները: Ցավոք, սպասումները չարդարացան: Իհարկե, դրա համար կան և օբյեկտիվ պատճառներ` ի շարս շարունակական վնասվածքների: Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Առաքելը ցույց տվեց ավելի քան համեստ արդյունք` 322 կգ (147+175) ու բավարարվեց տասներորդ տեղով: Սպասելիքները, հարկավ, անհամեմատ մեծ էին Տիգրան Մարտիրոսյանից: Պոկում վարժության ոսկե մեդալը չի կարող չուրախացնել, ինչը չես ասի այդ ոսկին ապահոված 157 կիլոգրամի, ձախողած երկու մոտեցման մասին: Նույն կերպ ուրախացնելու ոչ մի առիթ չի տալիս նաև հրում վարժության 185-ը, երկու վարժությունների հանրագումարը` 342 կիլոգրամ, թեպետ այն բերեց չորրորդ տեղ: Մնում է հուսալ, որ այս հիրավի տաղանդավոր մարզիկի պարագայում չար դեր խաղացին մեծ մրցահարթակից տևական ժամանակով բացակայությունն ու ունեցած վնասվածքներից ոչ լիակատար ապաքինումը:
85 կիլոգրամ քաշային կարգում ոչնչով չուրախացրեց Աղասի Աղասյանը: Համենայն դեպս, 345 կիլոգրամով մեդալային հայտ կարող ես ներկայացնել միայն այն դեպքում, եթե տիեզերքում աստղերը դասավորվեն հատկապես քեզ համար, մինչդեռ այս մարզիկը հսկայական ֆիզիկական ներուժի տեր է, ու առանձնապես հասկանալի չէ, թե, ի մասնավորի, ինչն է նրան խանգարում:
Գերազանց պիտի որակել մեր գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանի ելույթը: Տևական վնասվածքներից հետո նման վերադարձը, որքան էլ արծաթյա, միայն ու միայն ամենաբարձր գնահատականի է արժանի: Ես շարունակում եմ մնալ այն կայուն համոզմանը, որ եթե Ռուբենն առաջքայլ անի պոկում վարժությունում, պարզապես գին չի ունենա, իսկ երկամարտի նրա 436 (190+146) կիլոգրամ արդյունքն իսկապես գրոսմայստերական արդյունք է: +105-ում մենք ունեինք և երկրորդ մասնակից, սակայն Հայկ Հակոբյանի 380-ը (173+207) բան չասող արդյունք է, ինչպես գրաված տասնմեկերորդ տեղը: Հուսանք, որ սա այս մարզիկի ամենամեծ անհաջողությունն էր ու դրանով փակվում է տխուր էջ:
Ամփոփենք: Եվրոպան` Եվրոպա, սակայն թիրախում աշնանը Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունն է իր վարկանիշային էությամբ ու բովանդակությամբ: Եթե դատենք, որ հենց այս մարզիկ-մարզուհիներով էլ գնալու ենք աշխարհ, գործներս ոչ թե բարդ, ավելի քան բարդ է լինելու: Մեր մարզչական կորպուսը համոզիչ ի՞նչ փաստարկներ է հրապարակ հանելու, մեզ այնքան էլ տեսանելի չէ, թեպետ շարունակում ենք մնալ հայկական ծանրամարտի հավատավորն ու կարծում, որ վերջին տարիների նահանջի դեմն այնուամենայնիվ առնվել է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ